Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Կատալոնիայի ճգնաժամը` դանդաղ ու վտանգավոր քաղաքական շախմատ

Կատալոնիայի ճգնաժամը` դանդաղ ու վտանգավոր քաղաքական շախմատ
20.10.2017 | 13:10

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, ինչպես և ծրագրված էր, հինգշաբթի մեկնել է Բրյուսել` ԵՄ ղեկավարների սամմիթին մասնակցելու: Ռախոյի արտաքուստ հանգստությունը խաբուսիկ է` տանը հանգիստ չէ: Իսպանիան սահմանադրական ճգնաժամում է` թագավորությունից Կատալոնիայի անջատվելու մտադրության պատճառով: 1978-ին Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ կառավարությունը կիրառում է 155-րդ հոդվածը, որ շրջաններից մեկի ինքնավարության կասեցման հնարավորություն է տալիս։ 1980-ականներին այդ հոդվածով արդեն սպառնացել են Կանարյան կղզիներին, որ տեղնուտեղը նահանջեցին: Ի տարբերություն Կանարների ճգնաժամի` կատալոնականն արդեն մոտենում է եռման աստիճանին, բայց եզրակացությունների համար դեռ վաղ է: Հանկարծ ոչինչ չի լինում: Եթե քաղաքական հռետորաբանությունը մի կողմ դնենք, և Իսպանիայի կառավարությունը, և Կատալոնիայի շրջանային ղեկավարները հասկանում են` կրքերն այնքան շիկացած են, որ ցանկացած պահի միլիոնավոր մարդիկ կարող են փողոց դուրս գալ: Իրականում ի՞նչ է կատարվում հիմա:


Անցած շաբաթ օրը Մարիանո Ռախոյը կառավարության արտահերթ նիստ հրավիրեց` որոշելու` դիմե՞լ 155-րդ հոդվածին և եթե դիմել` կոնկրետ ի՞նչ միջոցներ ձեռնարկել ու ի՞նչ հաջորդականությամբ։ Կարելի է զգույշ սկսել` օրինակ, կատալոնացիներից վերցնել բյուջետային աշխատավարձերի վճարման իրավունքը։ Կարելի է ավելի կոշտ` լուծարել շրջանային ոստիկանությունն ու անվտանգության ուժերը։ Միշտ էլ հնարավորություն կա ծայրահեղ միջոցների դիմելու` լուծարել Կատալոնիայի կառավարությունն ու խորհրդարանը ու կառավարման ղեկը փոխադրել Մադրիդ։


Հենց քայլերի ցուցակը պատրաստ լինի, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հարկադրված է ինչ-որ պատասխան տալ: ժամանակի մեջ նա սահմանափակված չէ և դա կարող է տևել օրեր, նույնիսկ շաբաթներ: Վերջապես Իսպանիայի Սենատը պետք է այդ քայլերը հաստատի։ Որ կհաստատի, կասկած չկա` Մարիանո Ռախոյի կուսակցությունը Սենատում մեծամասնություն ունի։ Կատալոնիայի խորհրդարանը նախազգուշացրել է, որ կարող է միակողմանի քվեարկել հօգուտ անկախության։ Այդ հարցով խորհրդարանի նիստը ծրագրվում է երկուշաբթի օրը։ Հռետորաբանության լարվածության հետ` Իսպանիայի կառավարությունը պետք է Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու գործնական քայլեր մշակի։ Ի՞նչ կկատարվի, եթե կատալոնացիները, թեկուզ ոչ միլիոններով, բայց հարյուր հազարներով, փորձեն այդ քայլերին խոչընդոտել` փողոց դուրս գալով։ Նրանք կարող են շրջապատել Կատալոնիայի խորհրդարանի շենքը և չհեռանալ։


Եթե 155-րդ հոդվածը կիրառելու նպատակը Կատալոնիայի կառավարության լուծարումը և շրջանային նոր ընտրության անցկացումն է, լիովին հնարավոր է, որ Կատալոնիայի բնակչության մեծ մասը հրաժարվի քվեարկությունից։ Միջամտելու անհրաժեշտություն կզգա՞ այդ դեպքում ԵՄ-ն։ Պատկերացրեք` տեսակետների ի՞նչ պատերազմ կսկսվի սոցիալական ցանցերում, առավել ևս` լրատվամիջոցներում: ԵՄ սամմիթի օրակարգում Կատալոնիայի հարցը պաշտոնապես չկա, բայց կուլիսներում, միջանցքներում ու սուրճի բաժակի շուրջ թեժ բանավեճեր կլինեն։ Բրեկզիտը հետ է մղվում։ Հաշվի առնելով, որ Բրիտանիայի հետ բանակցությունները փակուղի են մտել, Կատալոնիան հիմա ԵՄ-ի նոր ակտուալ թեման է։
Կատյա ԱԴԼԵՐ, ВВС


Հ.Գ. Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի սահմանած ժամկետները Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը երկու անգամ հրապարակավ անտեսեց` կոնկրետ հարցին պատասխանելու փոխարեն նամակով բանակցություններ առաջարկելով: Կողմերը սպասում են միմյանց քայլերին: Եվ, այնուամենայնիվ, ինչ էլ քաղաքական գործիչները որոշեն` նրանք նայում են փողոց` ի՞նչ է անելու միջին վիճակագրական կատալոնացին: Այսօր նա է որոշում` կանկախանա՞ Կատալոնիան, թե՞ կկորցնի ինքնավարությունը: Ողջամտությու՞նը կգերակայի, որ թելադրում է մնալ Իսպանիայի ու ԵՄ կազմում, թե՞ ազատության ձգտումը, որ պարտադրում է պետություն ստեղծելու պայքար: Չի բացառվում, որ անկախությունն ընտրելու դեպքում շարժման նոր ղեկավարներ ի հայտ գան ու Եվրոպան սկսի գրել բոլորովին այլ պատմություն իր ժառանգների համար։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ